Մեծեփ սար

Մեծեփ սարը հարուստ է պատմական հուշարձաններով։ Այն Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած բարձունք է, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Բարձրունքի վրա կա ավերակ մատուռ՝  նույն անունով։ Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են Մեծեփ կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Սևանի ֆուտբոլի մարզադաշտ

Սիրո՞ւմ եք սպորտով զբաղվել։ Սևանում տարիներ շարունակ կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը 2018 թվականին արդեն ավարտուն տեսք ստացավ։ Քաղաքային զբոսայգու հարևանությամբ գտնվող մարզադաշտը թե տեղի դպրոցականների համար է դարձել սիրելի ժամանցի վայր, թե ակտիվ հանգիստ նախընտրող մեծահասակներին է հնարավորություն ընձեռում բարենպաս պայմաններում կազմակերպել ժամանցը։ Իսկ դպրոցականների խաղին կողքից հետևելը կարող է լավագույնս պատմել քաղաքի կոլորիտի մասին։

Սևանի բիզնես կենտրոն

Այսօր Սևան քաղաքում գոյություն ունի վառ և նորարար միջավայր՝ ձեռներեցության զարգացման համար։

Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցված բիզնես կենտրոն գալիս են դեռևս առաջին քայլերն անող սկսնակ ձեռներեցները, արդեն ճանապարհ անցած փորձառու գործարարները, բիզնես ոլորտի փորձագետները, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ստարտափերի հեղինակները, ուսանողները, աշակերտները, կամավորները:

«ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակներում` ԵՄ համաֆինանսավորմամբ ստեղծված այս կառույցը հաճելիորեն կզարմացնի քաղաքի գործարար մշակույթով հետաքրքրվող զբոսաշրջիկներին։

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասի մոտ ՝ 2,5֊3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են ՝ «Մաշտոցներ» Մաշտոցներ են անվանում նաև մատուռից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ այն տեղակայված է։ Մաշտցներ անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ, ով եկել էր վերոնշյալ Սևանի կղզու հանդիպակաց  լեռներում ճգնելու։ Ավանդույթն ասում է, որ մատուռի կողքով հոսող աղբյուրի ջուրն ունի բուժիչ հատկություն։ Մատուռից բացվում է տեսարան դեպի փոքր Սևանի կողմը, իսկ դիմացից երևում է Մաշտոցների լանջերին փռված խիտ անտառը։

Սևանի բուսաբանական այգի

Սևանի բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի բուսական հավաքածուներ։ Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։

Սևանի հանրային լողափ

Կարծրատիպ կա, թե Սևանի բոլոր լողափերը զավթված են, ու Սևանում հանգստանալը շատ թանկ է: Մինչդեռ Սևանում կան հանրային լողափեր, որտեղ պայմաններն անգամ ավելի հարմարավետ են, քան բազմաթիվ վճարովի լողափերում: Սևանի առաջին հանրային լողափում ստեղծված են բոլոր նախադրյալները հիանալի հանգստյան օր անցկացնելու համար․

  • Անվճար ավտոկայանատեղի
  • Անվճար լողափնյա թախտեր թե՛ արևի տակ, թե՛ ստվերոտ տարածքում
  • Հանդերձարաններ
  • Մանկական խաղահրապարակ
  • Վոլեյբոլի ցանց
  • Ամեն օր մաքրվող ափ, ավազ և մաքուր ջուր
  • Փրկարարներ, ովքեր ապահովում են անվտանգությունը
  • Սան հանգույց
  • Խմելու ջուր
  • Սրճարան-խանութ

Հանրային լողափը գտնվում է Սևան քաղաքի մոտ: Երևան-Սևան-Գավառ խաչմերուկի վերգետնյա անցումից  դեպի աջ:

«Բոհեմ» արվեստանոց–թեյարան

Սևանի ստեղծագործ երիտասարդներին կարելի է գտնել այստեղ։

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որի հիմնական նպատակն է Սևան քաղաքում ստեղծել մշակութային  միջավայր, դառնալ  ստեղծագործող երիտասարդների համար ինքնաարտահայտման և ինքնաիրացման հարթակ և վերջապես վերածվել քաղաքի բնակիչներև և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկի, եթե ոչ՝ ամենասիրելի: Այստեղ արվեստի ու ազատության մթնոլորտում կգտնենք հոգու և մտքի ներդաշնակություն:  Քանի որ արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է,  շահույթի 50+ % ը ուղղվում է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը միտված ծրագրերին (օրինակ՝ ամենամյա Սևան երաժշտական փառատոնը):

Այստեղ, բացի մշակութային ժամանցը, կարող եք համտեսել հայկական ավադական խոհանոցի ճաշատեսակներ, ինչպես նաև թեյերի բազմապիսի տեսականուց ընտրել ձերը։

Սևան միջազգային երաժշտական փառատոն

«Սևան» միջազգային երաժշտական փառատոնը անցկացվում է օգոստոս ամսին և տևում է երկու օր։ Այն հյուրընկալում է Հայաստանից և արտերկրից երժաշտական խմբերի, որոնք ներկայանում  են ռոք և ֆոլկ երաժշտական  ժանրերում։  Փառատոնի մուտքն ազատ է։

Փառատոնի մասին տեսեկավություն կարող եք ստանալ այստեղ։

Սևան Ազգային պարկի այցելուների կենտրոն

Սևան Ազգային պարկի այցելուների կենտրոնը բացվել է 1996 թվականին։ Այստեղ պահվող էքսպոնատներով այցելուները տեղեկանում են, որ Սևանի առաջին բնակիչները եղել են մալականները, որոնք Սևանում բնակություն են հաստատել 1840-ական թվականներին։ Առաջին բնակիչը եղել է Եսայի Երշովը։ Բնագիտական թանգարանում տեղեկություն կարող են կազմել Սևանի բուսական և կենդանական աշխարհի մասին, օրինակ որ Սևանում կան 1800-ից ավելի դեղաբույսեր։ Այստեղ պահվում է Սևանյան լճից հանված ամենամեծ իշխանը։ Կարելի է ծանոթանալ նաև ավազանի էնդեմիկ ծառատեսակներին ու քարատեսակներին։