Եղիցի լույս

Published by: 0

Եղիցի լույս

Հեղինակ՝ Էլլա Մնացականյան  


 Երբ Արմենն առաջին անգամ ոտք դրեց հարազատ հայրենիք՝ «պաշտոնական» հայրենիք, արդեն տասնութ տարեկան էր: Պատկերացնում եք՝ ինչքա՜ն մեծ բացթողման մեջ էր ակամա ապրել այդ տարիների ընթացքում, չէ՞ որ հայրենիքը հոր ու մոր նման մի բան է. պիտի ծնվածդ պահից ի վեր կողքիդ լինի, որ կարողանաս աճել ու սերտաճել իրեն, սովորել ապրել նրանից ու հենց նրա համար: Իսկ ինքը գրեթե մեկ հինգերորդ դար էր կորցրել՝ զուրկ լինելով հայրենիքը «զգալու» հաճույքից: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ նա նույնիսկ չէր գիտակցել այդքան տարիների իր բացը, քանզի ինքն ու իր ընտանիքը և, առհասարակ, շրջապատող բոլոր ընտանիքներն ապրում էին մի երկրում, մի պետության մեջ՝ եղբայրական Խորհրդային Միությունում: Այստեղ բոլոր երկրներն իրար եղբայրներ են, բոլոր քաղաքացիները՝ հարազատներ, ովքեր պետք է որ պաշտպանված լինեն (համենայնդեպս, այդպես էր վստահեցնում ժամանակի գաղափարախոսությունը) սեփական երկրի սահմաններից ներս: Բայց արի ու տես, որ պաշտպանված չէին:
Ձմեռային մի սովորական օր էր՝ այն ամենավերջիններից, երբ արևի շողերն ավելի ու ավելի են ջերմացնում՝ ավետելով գարնան մոտալուտ գալուստը: Իրենք էլ, ինչպես թաղամասում ապրող բոլոր հայերը, արթնացել էին, որ սովորականի նման անցկացնեն օրն ու ավարտին հասցնեն կիսատ թողած գործերը, բայց… Բայց բախտը կանխորոշել էր, որ այդ օրը պիտի ամենաերկարը թվա ու այդպես էլ չավարտվի: Սումգայիթում ջարդեր էին: Նորից այն, ինչ եղել էր շուրջ յոթանասուն տարի առաջ, այն, ինչից հազիվ փրկված ժողովուրդը մի կերպ էր ուղղել կորացած մեջքն ու ուզում էր առաջ շարժվել: Նորից թուրքը սպանող է, հայը՝ սպանվող, նորից թուրքը դավաճանող է, մեջքից խփող, գազանաբար կոտորող, իսկ հայը՝ հավատացող, ներող ու կոտորվող… Նորից կատարվել էր Ցեղասպանություն, ու նորից աշխարհը փակել էր աչքերն ու ականջները մեծագույն ոճրագործության առջև: Արմենի հայրը սպանվեց ջարդերի առաջին իսկ օրը, երբ դուրս եկավ տանից, որպեսզի միջոցներ ձեռնարկի ընտանիքը փրկելու համար: Զարմանալի՜ զուգադիպություն, հայն ինքնամոռաց պաշտպանում է ընտանիքը ու սպանվում սեփական դռան շեմին…  Նա զոհվեց, բայց ընտանիքը կարողացավ փախչել ու հաստատվել Երևանում՝ այս անգամ հստակ գիտակցելով, որ եղբայրական պետություններ չկան, և որ իրենք ապահով կլինեն միմիայն սեփական հայրենիքում: Նրանք վերադարձան՝ այնտեղ՝  «եղբայրական քաղաք»-ում թողնելով իրենց տունը, ունեցվածքն ու ծանոթությունը, աշխատանքն ու պատիվը: Նրանք վերադարձան՝ մի քանի հարյուր կիլոմետր հեռու թողնելով մի ողջ ապրած ու չապրած կյանք և ճաք տված կամարի պես փուլ եկան՝ կորցնելով պատի միակ հիմնասյունը…
***

 

-Արմ, գիտե՞ս, ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել,- առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ սկսեց խոսակցությունը Լիլիթը՝ Արմենի կրտսեր քույրը:
-Ինչո՞ւ:
-Հիշել էի..,- նա զգուշորեն նայեց դռանը՝ համոզվելու համար, որ մայրն այնտեղ չէ,- հիշել էի, որ մաման վերադառնալիս ողջ ճանապարհին մի բառ անգամ չխոսեց: Հիշո՞ւմ ես մենք տեղի ու անտեղի հարցերի տարափ էինք տեղում, իսկ ինքը շարունակ լռում էր:
-Հիշում եմ,- Արմենի դեմքը նկատելիորեն խոժոռվեց,- բայց հիմա ինչո՞ւ ես դա հիշել:
-Ես միշտ եմ հիշում այդ օրը: Հիմա էլ աչքիս առաջ է այն տեսարանը, որ մաման  նայում էր պատուհանից  ու լռում: Գիշերը մտածում էի՝ գուցե լա՞ց էր լինում,- Լիլիթի ձայնում ցավագին մի դող կար:
-Չէ՜, լաց չէր լինում, Լիլ,- ժպտաց Արմենը,- ես անընդհատ նայում էի նրա դեմքին՝ փորձելով հասկանալ նրա լռության պատճառը:
Լիլիթը՝ պատասխանի սպասող իր կիսամանկական հայացքն ուղղեց Արմենին:
-Մի քանի ամիս մտածելուց հետո ես հասկացա, որ ցավն ուղղակի բեռի պես նստել էր նրա կոկորդին ու ոչ մի կողմ չէր շարժվում,- շարունակեց Արմենը,- նա ետևում էր թողնում կյանքի մի ողջ պատմություն ու չգիտեր անգամ, թե որտեղ է թաղված (եթե թաղված է) իր ամուսնու դին,- Լիլիթն արդեն սրբում էր արցունքները,- անորոշություն կար իր հայացքում, Լի՜լ, մեր ապագայի հանդեպ անորոշություն:
-Հիմա էլ կա այդ անորոշությունը, կիսադատարկությունը,- ձայնը խեղդող արցունքների միջից շշնջաց Լիլիթը:
Արմենը նոր նկատեց քրոջ լացակումած աչքերը:
-Լի՜լ, մի՛ լացիր,- սրբելով նրա թաց աչքերը գրկեց Արմենը,- ամեն ինչ լավ կլինի, կտեսնե՛ս: Դե՛, վերջացրո՛ւ, հիմա մաման ներս կգա:
«Հիմա մաման ներս կգա»՝ կախարդական բառեր էին: Ինչ էլ որ լիներ` խնդիր, վեճ, լաց կամ բողոք, իսկույն ևեթ դադարում էր, երբ ներս էր մտնում տիկին Հասմիկը: Նրա երեխաները հստակ գիտակցում էին, որ խեղճ կինը վերջին ամիսների համար չափազանց շատ բան էր տեսել ու ծանր հոգեկան վիճակում էր: Նախ՝ ջարդերը հարազատ բնակավայրում, այնուհետև՝ սիրելի ամուսնու սպանությունը, շտապ գաղթը սեփական տնից ու դժվարությունները լրիվ նոր միջավայրում ընտանիքը պահպանել փորձելու հարցում: Ինչքան էլ աշխատեր ոչինչ ցույց չտալ, ցերեկները տխրությունը թաքցներ հոգնածություն անվան տակ, գիշերը կարելի էր հստակորեն լսել նրա աղիողորմ, թաքուն լացը, որ բողոք ու խնդրանք էր առ Աստված, անզորության ու ինչ-որ բան փոխել փորձելու կանչ…

 

 

***

Շատերն ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, ոմանք պնդում են, թե այն պարզապես սպիացնում է դրանք, մյուսներն էլ առհասարակ կարծում են, թե ժամանակը ոչինչ չի փոխում երբեք, մարդիկ են փոխում ամեն բան: Ինչևէ, ամիսներն անցնում էին, ու թվում էր, թե ամեն բան գնալով իր տեղն է ընկնում այս փոքր ընտանիքի կյանքում: Արմենն ու նրա մայրն արդեն աշխատանք էին գտել ու կարողանում էին ընտանիքի օրական հացն ապահովել, քույրը շարունակում էր կիսատ թողած ուսումը: Փլված կամարը քայլ առ քայլ վերակառուցվում էր, ընտանիքը փորձում էր ուղղել ցավից ու դժվարություններից կորացած մեջքը՝ հենվելով տան նոր հենասյան՝ Արմենի վրա, երբ ճակատագիրը մի նոր հարված հասցրեց: Խորհրդային Միությունը փլուզվեց: Սահմանին արդեն հասունացել էր կատաղի պատերազմը՝ պատմական հողակտորը՝ Արցախը, «եղբայրական»-եղբայրասպան երկրից ազատագրելու համար: Երկրում տիրում էր քաոսային վիճակ: Ամենուր հացի հերթեր էին ու պայքարի կոչեր: Արմենը՝ երիտասարդ տարիքում արդեն շատ բան տեսնել հասցրած բռնկուն այդ երիտասարդը, օր առաջ ցանկանում էր միանալ պայքարին, մեկնել ռազմաճակատ: Միակ հանգամանքը, որ ստիպում էր նրան տատանվել որոշման մեջ մայրն ու քույրն էին, որ լրիվ միայնակ էին մնալու իր գնալուց հետո: Ինքը համոզված էր, որ մայրը դեմ է լինելու իր որոշմանը, սակայն իրեն մեղավոր էր զգում հայրենիքն այդքան տարի անտեր թողած լինելու համար ու վստահ էր, որ հասունացել է պահը՝ հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու:
«Իրավիճակը ռազմաճակատում ավելի ու ավելի է սրվում, Երևանից և տարբեր մարզերից բաղմաթիվ կամավորականներ են հավաքագրվում և մեկնում Արցախ»,- հերթական անգամ լսվեց ռադիոընդունիչի ձայնը, որը վերջին օրերին միայն ու միայն նմանատիպ լուրեր էր հաղորդում:
-Լի՜լ, մի բան պիտի խոսք տաս ինձ,- կամացուկ ասաց Արմենը:
-Ի՞նչ:
-Խոստացի՛ր, որ մամային լավ կնայես, եթե… եթե ես էլ գնամ:
-Այսինքն՝ գնաս, ո՞ւր, ինչի՞ համար,- իրար խառնվեց Լիլիթը:
-Լիլի՛թ, ես մտադիր եմ շուտով մեկնել սահման, որպեսզի…,- Արմենի բերանում խոսքը կիսատ մնաց:
-Որպեսզի ի՞նչ, Արմե՛ն,- դռների արանքում երևաց տիկին Հասմիկը՝ բրդյա շալն ուսերին գցած,- որպեսզի դու նույնպես անտեղի զոհվես ինչպես հայրդ:
-Ես չեմ զոհվի, մա՛մ, համենայնդեպս, եթե նույնիսկ զոհվեմ՝ մահս անտեղի չի լինի,- նա հաստատուն շարունակեց,- ես կիմանամ, որ զոհվել եմ հողս, հայրենիքս պաշտպանելիս, ձեզ ու մնացած մայրերին ու քույրերին խաղաղ քնով ապահովելու համար…
-Իսկապե՞ս: Իսկ ի՞նչ ես կարծում՝ արդյո՞ք մենք խաղաղ կքնենք՝ իմանալով, որ դու այնտեղ ես՝ կյանքի ու մահու պայքարում, արդյո՞ք հանգիստ կլինենք՝ կասկածելով, թե կլուսացնե՞ս այդ գիշերը, թե՞ ոչ:
-Բավական է, մա՛մ: Ես չեմ ուզում, որ մյուս հայ ընտանիքների հետ էլ կատարվի այն, ինչ կատարվեց մեզ հետ, որ նրանք էլ կորցնեն իրենց տան սյուներին ու մեզ նման խելապատառ փախչեն՝ այս անգամ իրենց իսկ հայրենիքից: Մա՛մ, ես ուզում եմ հորս վրեժը լուծել, հորս մահվան դիմաց հազարավոր թուրքեր պիտի պատասխան տան, ի վերջո, հայրենիքիս առաջ մեղքս պիտի քավեմ:
-Արմե՛ն..,- տիկին Հասմիկն այլևս չդիմացավ, արցունքները հեղեղի նման դուրս հորդեցին աչքերից,- չէ՛, խոստացի՛ր, որ չես գնա:
Արմենը կախեց գլուխը, այս անգամ չէր դիմացել ու կրկին հիշեցրել էր մորն իրենց ամենամեծ ցավի մասին: Նա մոտեցավ, ամուր փաթաթվեց մորը:
-Ների՛ր ինձ, մա՛մ:
Նա նայեց ուղիղ որդու աչքերի մեջ՝ կնճռոտած ձեռքերը սահեցնելով նրա այտերի վրայով.
-Որդի՛ս, խոստացի՛ր, որ չես գնա,- արցունքները մի կերպ ներս գցելով շշնջաց նա,- խոստացի՛ր…
Արմենը ձեռքի հուսահատ շարժում արեց և լուռ դուրս եկավ սենյակից:

***

Արմենը կարոտով մի վերջին հայացք գցեց տան դռանը, ժպտաց քրոջը.
-Լավ կնայես մամային:
Լսվեց գետնին թափվող ջրի շրխկոցը, դուռը փակվեց: Մի քանի րոպե չանցած՝ տան էլեկտրականությունը հանկարծակի անջատվեց: Տիկին Հասմիկը, վատ կանխազգացումից անսպասելիորեն արթնանալով, եկավ հյուրասենյակ: Այստեղ Լիլիթը ծնկաչոք աղոթք էր մրմնջում մոմի թույլ ճրագի առջև:
-Հա՛յր մեր, որ երկինս ես..,- ձայնն աստիճանաբար ցածրանում էր,- պահի՛ր ու պահպանի՛ր նրան, Տե՛ր Աստված, ու թո՛ղ եղիցի լույս…

***

Եվ եղավ լույսը: Ի վերջո, տան լույսերը մի օր վառվեցին՝ առանց հոսանքից զրկվելու  վախի, օջախի երդիկից սկսեց ծուխ ելնել, ջերմություն թևածեց տնով մեկ: Այժմ տիկին Հասմիկը հպարտ է իր զինվոր թոռնիկով, ով հոր նման ընտրել է զինվորականի դժվարին ուղին:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *