Հարցազրույց փառատոնի «պատկերը» ստեղծողի հետ — Աշոտ Համբարձումյան

Published by: 0

ashot

Սևան երաժշտական փառատոնի լոգոն հասարակ լոգո չէ. նրա հեղինակն է Աշոտ Հովհաննեսի Համբարձումյանը` հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ: Մենք հնարավորություն ունեցանք հարցազրույց վերցնել նրանից:

_Ինչպե՞ս ընտրեցիք գեղանկարչի մասնագիտական ուղին:

_Այդ հարցում մեծ դերակատարում ունեցավ մայրս, և ասեմ, որ հենց դպրոցական տարիներից սկսած` զբաղվում էի նկարչությամբ, գնում էի խմբակի, այնուհետև դա ավելի խորացավ և ստացվեց այնպես, որ …. Ճիշտ է, ես գերազանց ավարտել եմ դպրոցը, բոլոր առարկաններում մեծ առաջադիմություն ունեի, բայց ինչքան էլ զարմանալի թվաց դասատուներիս համար, որովհետև դասատուներից մեկը ուզում էր, որ ֆիզիկոս դառնայի, մյուսը ՝ մաթեմատիկոս, մեկ ուրիշը գտնում էր, որ ես լավ  պատմաբան կլինեմ, բայց, ամեն դեպքում, ես ընտրեցի նկարչի մասնագիտությունը:  Որքան էլ զարմանալի լինի, գերազանցության ատեստատով գնացի Թերլեմեզյանի ուսումնարան, որը շատ հրաշալի կրթություն տվեց ինձ, այնուհետև ընդունվեցի  Գեղարվեստա-թատերական ինստիտուտը (այն ժամանակ Գեղարվեստա-թատերական ինստիտուտ էր, իսկ  այսօր՝ ակադեմիա):

_Ի՞նչ է գեղանկարչությունը Ձեզ համար :

_Շատ բարդ հարց է: Ամեն ինչ է երևի: Երբ որ ուրախ եմ, նկարում եմ, երբ որ տխուր եմ, նկարում եմ, երբ որ բարկացած եմ, նկարում եմ, սիրահարված եմ, նկարում եմ: Ամեն ինչ:

_Ձեր մասնագիտական ողջ ուղու ընթացքում  եղել  է  որևէ  անհատ կամ իրադարձություն,  որը  ոգեշնչել է Ձեզ:

_Անկեղծ ասած` մեկը չէ. իրենք  շատ են` անկախ նրանից` որ դարաշրջանում է ապրում նկարիչը, բացի այդ ես շատ եմ կարևորում եմ իմ մանկական  հանդիպումը Ենգիբարյանի հետ, այնուհետև հասուն տարիքում Փարաջանովի հետ հանդիպումը, Հենրիկ Մայլյանի, Մհեր Մկրտչյանի, ում հետ պատիվ ունեցա աշխատելու թատրոնում՝  որպես նկարիչ: Գիտե՞ք` այդ անհատի ոգևորությունը ձևավորվում է տարիների ընթացքում:  Կան էլի մարդիկ, ովքեր ոգեշնչել են, բայց արվեստագետ չեն, այլ ազնիվ, շատ բարի, իրենց աշխատանքով ապրող մարդիկ: Ես այն երջանիկ արվեստագետներից եմ, ովքեր հնարավորություն են ունեցել շփվել  ավագ սերնդի լավագույն արվեստագետների հետ: Շփում եմ ունեցել Առնո Բաբաջանյանի հետ, նաև շատ մեծ նշանակություն ունեցավ իմ ստաժոր լինելը մեծ թատրոնում՝  ինստիտուտի վեցերորդ կուրսում:  Այդ  բոլորի արդյունքում դու պետք է նաև պատրաստ լինես, որ այդ  բոլորը հանդիպի քեզ: Գիտե՞ք ոնց, երբ դու պատրաստ ես, գալիս են մարդիկ ովքեր էլ ավելի են ավելացնում քո սերը դեպի արվեստը,  նրանց օրինակն ես կարողանում հասկանալ: Շատ հնարավոր է, որ հանդիպես հանճարեղ, տաղանդավոր մարդկանց, բայց ոչ մի կոնտակտ չստացվի, որովհետև առաջին հերթին կարծում եմ,  որ դու պետք է պատրաստ լինես հանդիպումներին, որոնք նաև մեծ ազդեցություն են ունենում քեզ վրա:

 _Պարոն Համբարձումյան,  Ձեր աշխատանքներում  կան այնպիսի սիմվոլներ, որոնք, անկախ Ձեզանից,  երբեմն շատ եք օգտագործում,  կամ գուցե կա մի սիմվոլ, որ շատ եք սիրում տարբեր աշխատանքներոմ պատկերել:

_Գիտեք ինչ,  կարևոր չէ սիմվոլ սիրել-պատկերելը: Ես նաև զբաղվում եմ սիմվոլներով, զինանշաններով, բացի դրանից,  որպես հայ, ինձ համար մի սիմվոլ գոյություն ունի. դա Արարատ լեռն է: Նաև շուտով կներկայացնեմ մեծ նախագիծ, և պատահական չէ, որ մի քանի տարի շարունակ սոցիալական ցանցերում ես հայ ժողովրդին բարի լույս եմ մաղթում Արարատի տարբեր նկարներով: Հայ ժողովրդի և, մասնավորապես, ինձ համար  Արարատը կարևոր սիմվոլ է. շատ հզոր էներգետիկ ուժ ունի իր մեջ և կարող է լինել համայն հայության սիմվոլը: Հայաստան ասելիս առաջին հերթին մենք Արարատն ենք  հասկանում: Ասեմ, որ էն հրաշք, չքնաղ տեղանքը, որտեղ մենք ապրում ենք Հայաստան անունով,  ցավում եմ, որ այսօր մենք ապրում ենք  միայն դրա տասը տոկոսի վրա, բայց ես հավատում եմ, որ շուտով գալու է այն օրը, երբ մենք լիարժեք ապրելու ենք պատմական Հայաստանի տարածքի վրա, ու էս բոլոր  վերջին իրադարձությունները դրա մասին են խոսում:

_Պարոն Համբարձումյան կխոսեք «Սևան Երաժշտական փառատոնի»  լոգոյի մասին, որի հեղինակը դուք եք: Ինպե՞ս ծնվեց գաղափարը, և ինչու հենց  այդպիսին պետք է լիներ լոգոն:

 _Ինձ առաջարկություն արեց իմ ուսանողուհին՝ Հեմինեն Անդրիկյան, շատ հրաշալի անձնավորություն, շատ կայացած, շատ լավ մարդ: Ես շատ եմ կարևորում եմ մեր շրջանների երիտասարդության այդ աշխատանքը, որովհետև  գտնում եմ, որ այսօր մեր երկրի քաղաքականության մեջ  պակասում է  ուշադրությունը  շրջանների նկատմամբ. բոլորը կենտրոնացած է քաղաքում: Բացի դրանից ողջունում եմ այդ կարգի յուրաքանչյուր միջոցառում, որովհետև այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք մեծ ուշադրություն դարձնենք շրջաններին, մանավանդ որ կոմունիկացիանները այսօր շատ լավ աշխատում են՝ ճանապարհները, համացանցը: Կարծում եմ` էդքան էլ մեծ նշանակություն չունի տեղանքը, որտեղ որ ապրում ես, մի բան էլ առավելություն կա, որովհետև շրջանի երիտասարդը ձերբազատված է քաղաքի աղմուկից,  և մյուսը` ավելորդ զբաղվածության դաշտից, ու շատ մի գեղեցիկ դաշտ կա, որը կարելի է նվիրել ստեղծագործելուն, արարելուն, գեղեցիկը կայացնելուն: Շատ ուրախ եմ, որ այդպիսի միջոցառումներ է արվում մանավանդ Սևանում, որը  ինձ համար շատ հարազատ վայր է: Իմ ամբողջ երիտասարդական տարիների նկարչական պրակտիկան անցել է Սևանում՝ Սևան 2  հանգստյան տանը, կղզում, Այրիվանքում: Ոգևորված եմ, որ Սևանում սկսել է աշխուժանալ մշակութային կյանքը: Պետք է ասեմ, որ դա մեծ սիրով արեցի: Պարզ է, որ էդ առաջարկը ինձ համար շատ պատվաբեր առաջարկ էր, որովհետև ես չեմ կարևորում թե որտեղի համար է  դա, կարևոր է, թե ինչպես պետք է դա անել: Եթե ինձ պատվիրեր մի միջազգային կազմակերպություն, որը երաժշտական փառատոն է կազմակերպում, ես  նույն ոգևորությամբ կմոտենայի, ինչպես որ արել եմ «Սևան Երաժշտական փառատոնի» համար: Այնտեղ հիմնականում երաժշտական նոտան է սիմվոլը և երկու ձկներ, որոնք «S» տառ են առաջացրել՝ իրենց  պտույտի և շարժման մեջ: Հիմնական իմաստը դա է: Կարծում եմ հերալդիկայի կողմից շատ հետաքրքիր է լուծված: Վերջերս, երբ որ թերթում էի արածս աշխատանքները, պատկերացրեք նոր աչքով տեսա ես դա:

Ուզում եմ մաղթել, որ այդպիսի միջոցառումները միշտ շատ լինեն, որովհետև հասկանում եմ, թե ինչ տիտանական գործ են անում կազմակերպիչները այդ ամենը կազմակերպելու և իրականացնելու համար:

 

Պատրաստեց Օֆելյա Սարգսյանը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *