Սևան քաղաքի կենտրոնական` Նաիրյան փողոցի քարե տների շարքում առանձնանում են հնաոճ փայտե տներ: Պատուհանների փայտյա փականներն ու շուրջապատող քանդակված նախշերը մատնանշում են այստեղ 19-րդ դարի ռուսական ճարտարապետական ոճը: Կանաչ պատշգամբովը Սևանում կառուցված առաջին տունն է, որն առ այսօր պահպանվել է և դարձել Սևան քաղաքի, այն ժամանակ` Ելենովկայի, պատմության վկայությունը:
Դա Ելենովկայի հիմնադիր՝ ռուս Իսայ Երշովի տունն է: Այն մասնակի վերափոխվել է, սակայն հիմնական տեսքը պահպանվել է` ի շնորհիվ կաղնու ամուր հենասյուների: Սևանի բնագիտական թանգարանում պահպանված մանրակերտը հուշում է, որ կղմինդրե ծածկը փոխարինվել է սովորական շիֆերով: Ի սկզբանե տանն ապրել են հրեական ծագումով ռուսներ և տունը եղել է վերջիններիս ներկայության խորհրդանիշը Հայաստանում։