Սևան երաժշտական փառատոն — Հարցազրույց ազգագրական երգիչ Ժորա Բարսեղյանի հետ

Published by: 0

13940927_1494672293891988_363311300_n

Հարցազրույց ազգագրական երգիչ Ժորա Բարսեղյանի հետ

_Երաժշտական ժանրային քաոսում ինչպե՞ս հասկացաք, որ ձեզ ավելի մոտ է ազգային երաժշտությունը:

_Ես արմատներով Մշո Դիադին գյուղից եմ, ուստի, կարող եմ ասել, որ  ազգային երգը նստած եմ իմ արյան մեջ, այն ինձ համար հպարտույուն ու կյանք է: Բացի այդ ես ազգային երգեր սկսել եմ երգել ու կատարել դեռ վաղ տարիքից:

_Եթե մի օր կյանքի բերումով ստացվի այնպես, որ ստիպված լինեք թողնել ազգային երգը և երգել մեկ այլ ժանրով, ո՞ր ժանրի վրա կանգ կառնի ձեր ընտրությունը:

_Եթե համարձակվի այդ օրը գալ, ես չեմ վախենա, մեծ հաճույքով ինձ կփորձեմ նաև ջազի ժանրում, չնայած որ ազգային երաժշտությունը ինձ համար միշտ մնալու է այլ, շատ բարձր հարթակում:

_Կխնդրեմ մի փոքր պատմեք <<Գաթա>> բենդում ձեր գործունեության մասին:

_<<Գաթա>>  բենդի երգերը` Անդրանիկի և Գարիկի հմուտ ձեռքով թխված, ըստ իս, շատ համեղ են ստացվում, և ես անընդհատ պահանջ եմ զգում համով երաժշտության: Մեր օրերում ամենուր աղավաղվում են ազգային երգերը, ուստի անընդհատ կարիք կա դրանք  մատուցել ճիշտ: Ես և ընկերս՝ Հրայրը, փորձել ենք <<Գաթայի>> հետ համատեղ թխել երգ, որը կտարբերվի իր որակով և հնչուններով: Կարծում եմ՝ մեր առաջ դրված նպատակը կարողացանք որոշակիորեն իրականացնել և լսարանին մատուցել ազգային երգերի ավելի թարմ, նորացված տարբերակներ: Իմ կարծիքով՝ մեր համեղ գաթան կարող ենք ստացված համարել:

_Ի՞նչ եք կարծում, այսօր ազգային երգը բավականաչափ ընդունված և տարածվա՞ծ է հասարակության մեջ:

_Իմ կարծիքով բավականին տարածված է, որքանով որ ես եմ նկատել, լսում են և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները, այսինքն՝ տարիքային սահմանափակում էլ չկա: Օրինակ՝ ինձ շատ են հրավիրում երգելու հարսանիքներին, ու պիտի ասեմ, որ մարդիկ ավելի աշխուժանում են զուռնայի ճչան ձայնից, ինչը շատ ողջունելի փաստ եմ համարում մեր օրերում:

_Ի՞նչ ծրագրեր կան <<Գաթա>> բենդի հետ կապված, ինչպես նաև բենդից դուրս:

_Խմբի հետ սպասվում են նոր երգերի ձայնագրություններ, տեսահոլովակներ, իսկ ինչ վերաբերում է իմ անհատական գործունեությանը, ասեմ, որ զբաղվում եմ` երեխաներին կրթելով, ինձ նվիրել եմ սաներիս ու ողջ եռանդս ներդնում եմ իրենց մեջ արմատավորելու ազգային արժեքները՝ երգը, պարը: Ու պիտի մի ուրախալի փաստ նշեմ՝ սաներս արդեն կարողանում են տարբերել որակյալ և անորակ երաժշտությունը. իրենց մեջ ավելի բարձր աստիճանի է դրված ազգային երգը:

_ԻՆչո՞ւ որոշեցիք մասնակցել Սևան երաժշտական փառատոնին:

_Միշտ Սևան գնալիս նստում եմ ափին ու երգում <<Թագվորագովքը>>: Փառատոնը և՛ անցկացման վայրով, և՛ ձևաչափով: Երբ հայտը կարդացի, որոշեցի անպայման մասնակցել: Ավանդական երգը ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելը բավականին հետաքրքիր գործ է: Բացի այդ կարծում եմ՝ փառատոնի գույները շատ են, ու հաստատ արժե մասնակցել նմանատիպ գունեղ միջոցառումների:
Պատրաստեց Հերմինե Ղարիբյանը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *