«Որքա՞ն տքնես, որ քեզ կապող քարից պոկվես» — այսպես է իր քանդակն անվանել Մուրադ Հովակիմյանը, որտեղ ներկայացրել է քարի մեջ խրված հրեշտակ։ Քանդակը տեղադրված է Սևան քաղաքի Սայաթ֊Նովա փողոցի վրա։ Մուրադը պատմում է, որ տարիներ առաջ իր նախագիծն է ներկայացրել քաղաքապետարան, որտեղ առաջարկում էր հրավիրել տաղանդավոր քանդակագործների ամբողջ Հայաստանից, որոնց նորաստեղծ քանդակները կտեղադրվեին Սևանի տարբեր հատվածներում, քաղաքապետարանն էլ պարտավորվում էր հոգալ արվեստագետների գիշերակացն ու սնունդը։ Ծրագիրը լիովին հաջողեց, որպես արդյունք՝ 11 նոր շքեղ քանդակ Սևանում։ Քանդակներից մի քանիսը կարելի է տեսնել Սևանի Սայաթ–Նովա փողոցի վրա, որտեղ ըստ հերթականության շարված են.
- Մուրադ Հովակիմյանի «Որքա՞ն տքնես, որ քեզ կապող քարից պոկվես» (1993թ),
- Նորայր Կարգանյանի «Հակոբի հրաշքը» (1993թ),
- Ռուբիկ Աբրահամյանի «Ընտանիքը» (1993թ),
- Տիգրան Արզումանյանի «Պատմիչը» քանդակները:
Իսկ փողոցի վերջում ձեզ կդիմավորի Մուրադ Հովակիմյանի «Փյունիկ» քանդակը։ Մնացած քանդակները իրենց տեղն են գտել Սևանի այլ հատվածներում։ Օրինակ` Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու առջև, Սևանի պետական քոլեջի հարևանությամբ և նախկին ԶԻՄ գործարանին մոտ։



